Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց
են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների
երաշխավորման նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ
են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ
իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները
կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը
մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից
սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից:
Առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը
հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում
գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով:
Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի
լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին,
ուսումնասիրվել են առողջական փաստաթղթերը:
Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ
տեղեկություններ են ներկայացվել, որ առավոտյան ոտնաթաթերը գամելու հանգամանքով
պայմանավորված Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց անհրաժեշտ
բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են
ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու
անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:
Այցի արդյունքները կամփոփվեն և Մարդու
իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի
կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: