Երեկ՝ ժամը
18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է
ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում
օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների
կողմից:
Դրանից անմիջապես
հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները
եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում:
Ահազանգի հիման
վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի
ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված
3 անձ:
Նրանցից բոլորի
հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ:
Արագ արձագանքման
այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:
Այցն ավարտվել
է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում:
Այցի ընթացքում
արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության
օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:
Արագ արձագանքման
այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման
վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ
թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի
շրջանակում ստուգելու հետ:
Եվս մեկ գրություն
կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն: