Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված
այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի,
ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝
կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած
դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված
հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Դատապարտյալը
հացադուլի ընթացքի հետ կապված՝ բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ
չի ներկայացրել:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ վերջինս
նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից
արձագանք չի ստացել:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի
իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: