Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ
Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց
ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի
շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման
է ենթարկվել 10 անձ:
Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝
բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝
խուլիգանության կասկածանքով: Բաժնում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն
առանձնազրույց են ունեցել այդ պահին բաժնում գտնվող անձանց, այդ թվում՝ «Կանաչ ապագա»
բնապահպանական շարժման անդամներ Վահագն Վարագյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, ուսումնասիրել
նրանց վերաբերող փաստաթղթերը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները
կայցելեն նաև Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող
քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների
պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Պաշտպանը ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի,
տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների
մշտադիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության
սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման
շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։