Մարդու իրավունքների
պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝
կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։
Մասնավորապես,
բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի
պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական
քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝
միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները
(դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որևէ բուհ, իսկ
«7.5» միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել:
Քաղաքացիներն
իրենց բողոքներով խնդրի լուծման տարբերակ առաջարկել են, օրինակ, այն, որ ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելացնի բուհերումուսուցման տեղերը,
որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում:
Մեկ այլ տարբերակ առաջարկվել է դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում
բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով
մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի:
Մարդու իրավունքների պաշտպանը բողոքները քննարկման
ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարին: