Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է
Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության
հասարակական խորհրդի կազմը:
Խորհրդի կազմում ընդգրկվել են հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, որոնք ունեն
մասնագիտական փորձ հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար ծառայությունների
մատուցման, ոլորտային ռազմավարական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև
վերլուծությունների իրականացման ոլորտում։
Որպես խորհրդատվական մարմին՝ Խորհրդի
խնդիրներից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում
իրավունքների վիճակի բարելավմանը նպաստելը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչների և Պաշտպանի համագործակցության ամրապնդումը: Այս նպատակով խորհրդի
անդամները հնարավորություն կունենան անմիջական մասնակցություն ունենալ հաշմանդամություն
ունեցող անձանց առնչվող խնդիրների եւ դրանց լուծումների քննարկմանը, ոլորտային հետազոտությունների
իրականացմանը, ինչպես նաեւ մասնակցելու իրավական եւ այլ առաջարկների ձեւավորմանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության, արդյունավետության, նրանց նկատմամբ խտրականության ու
խարանի վերացման կարեւոր երաշխիքներից է համագործակցությունը քաղաքացիական
հասարակության, կազմակերպությունների եւ անկախ փորձագետների հետ: Ուստի, այս
հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղությունն են:
Պաշտպանին առընթեր խորհրդի գործունեության կարգին կարելի է ծանոթանալ հղումով:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի
դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական
ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության
գործառույթները: Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում
է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որին կարելի
է դիմել (+374 10) 53-85-77
հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով: