ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանին նշելով, որ համացանցում արձանագրել է Վարչապետի ընտանիքի՝ այն է
երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու
ատելություն սերմանող լուսանկարներ։ Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին
բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն
և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու
մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր
երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։
Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու
հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության
նսեմացումը:
Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների
պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի
միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ
քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:
Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները: