Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝
հայտնելով մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար ևս մեկ
կարևոր ձեռբքերման մասին։
«Երեկ
Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական խորհրդակցությունները Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին
մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի
քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և դատարանի նախագահի գրասենյակի ղեկավար Պատրիկ
Տիտիունը:
Ուրախ եմ
տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային
նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել
ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի
համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:
Եվրոպական
դատարանի նախագահն առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։ Ընդ որում,
պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների
կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:
Համատեղ ծրագիր
սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը
երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և
իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն է ներկայացնում անկախ
գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ,
մշակում է իրավական չափանիշներ, Հայաստանի դատարանների ակտերում արտացոլվում են
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները և այլն:
Ստրասբուրգի
դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի
զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր աշխատանքները երկրի ներսում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։
Հանդիպման
սկզբում Ռոբերտո Սպանոյին շնորհավորեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և
նոր ձեռքբերումներ: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է
Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»,-
գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: