1. Մեր երկրում խիստ
վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝
նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով: Բացարձակ անթույլատրելի է, երբ անօրինական
նպատակի համար օգտագործվում են երեխաները:
Այս երևույթն ավելի
է մեծացնում լարվածությունը, բերում է վտանգավոր հետևանքների և բազմապատկում է վիրավորանքը:
Պետք է դադարեցնել,
ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:
2. Խիստ մտահոգիչ երևույթ
է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի
թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ
երեխաների հանդեպ ատելության խոսքը:
3. Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի
հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու
կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին:
Սա խիստ մտահոգիչ է,
մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի
է հասնում:
Մենք պետք է գիտակցենք,
որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների
հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է:
Այս ամենը պայմանավորված
է այն հրամայականով, որ դատարաններն անկախ են, կոչված են երաշխավորելու երկրի իրավական
անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը:
Ցանակացած հարցի կամ
խնդրի լուծման պետք է հասնել բացառապես իրավական եղանակով։
4. Հատուկ արձանագրում
եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն
իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած
շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված
և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք:
Ընդ որում, այս պահանջները
գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների
արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով:
Բացարձակ մերժելի երևույթ
է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում
է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է,
որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող
մեկնաբանությունները չեն հեռացվում:
5. Այս արատավոր երևույթը
ևս մեկ օրինակ է առ այն, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարներ սոցիալական
ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես:
Պետք է միշտ հիշել,
որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ: