Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի
աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։
Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում
են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության
սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական
կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար
մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական
համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը
ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման
ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար
մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։