Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է թեժ
գծի զանգերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մասնավորապես, եթե 2019 թվականի
ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թվականի ապրիլի 16-ին՝ 148, կամ, եթե 2019
թվականին մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թվականի մարտի 27-ին՝
197 և այլն։
Տեղեկացնենք, որ թեժ գծի 116 և 096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել
աշխատակազմ միանգամից:
Նման պարագայում առաջարկում ենք
քաղաքացիներին խնդիրը ներկայացնել ombuds@ombuds.am էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: 096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների
պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային
ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը
զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը, որոնք պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են
ֆիզիկապես ներկա աշխատավայրում: