Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ
ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն:
«Արտակարգ
դրության օրերի դրական ելքով պատմություններից մարդկանց առօրյա հոգսերի մասին...
Ինձ էր դիմել
մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր և այդ պատճառով
ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում:
Ընտանիքի պատմությունից
պարզ էր, որ դիմումատուի մայրն աշխատում է արտադրամասերից մեկում, որտեղ հաստատվել
է կորոնավիրուսի դեպք, բայց մայրը առանց այդ էլ մոտ մեկ ամիս չէր ներկայացել աշխատանքի,
քանի որ պետք է խնամեր ծանր հիվանդություն ունեցող տատիկին։ Չնայած այդ փաստին՝ Ոստիկանության
ծառայողները նրան մեկուսացման նպատակով տեղափոխել էին հյուրանոց և դրա հետևանքով տատիկը
մնացել էր առանց խնամքի և հայտնվել ծանր հոգեբանական վիճակում՝ հիվանդության սրման
վտանգով:
Բողոքը ստանալուց
հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, տարվել
է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել
մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)։
Հ.Գ. Այս օրերին
թեժ գծի զանգերը ոչ միայն 4 անգամ ավելացել են, այլ նաև ավելացել են արագ արձագանքում
պահանջող գործերի թիվը. հիմա 10 ստացած զանգից 8-9 պահանջում է արագ արձանքում»: