Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն
արձանագրել է ահազանգ այն մասին, որ այսօր 19:00-ի սահմաններում Հայաստանի Տավուշի
մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում
է ստացել 14-ամյա երեխա։
Համապատասխան հրապարակումներ են առկա
նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է
արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական
կողմից նաև վիրավորում է ստացել երկու զինծառայող:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
կապ է հաստատել ինչպես Ոսկեվանի, այնպես էլ Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի
հետ: Քննարկվել է առկա վիճակը, ստացվել են դեպքին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ:
Նախնական տվյալներով 14-ամյա դպրոցականը
վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ Ոսկեվան գյուղը թիրախավորած ադրբեջանական զինուժի
գնդակոծման հետևանքով:
Երեխան գտնվում է բժշկական անմիջական
հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Առաջիկայում կամփոփվեն դեպքին առնչվող,
ինչպես նաև վերջին շրջանում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի
կողմից գնդակոծության դեպքերի մասին բոլոր տվյալները:
Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների
մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝
Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի
մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին: