Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է
ստեղծել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության փորձագիտական խորհուրդ:
Խորհրդի նպատակներից են հաշմանդամություն
ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքի խրախուսումը, մարդու
իրավունքներից և ազատություններից լիարժեք և հավասարապես օգտվելու
հնարավորությունների, անկախ ապրելու,
միջավայրային արժանապատիվ ներգրավվածության երաշխավորումը, մասնակցությունը
որոշումների կայացմանը և այլն:
Խորհրդի անմիջական խնդիրներից են
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովումը,
համակարգային խնդիրների վեր հանումը և դրանց լուծման առաջարկների ներկայացումը,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությանն
ուղղված հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը և այլն:
Խորհրդի հայեցակարգի, գործառույթների,
խորհրդի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներգրավման հարցերն ավելի վաղ
քննարկվել են Պաշտպանի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի
ՀԿ-ների և անկախ մասնագետների հետ:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի
դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը,
ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների
կանխարգելումը և պաշտպանությունը:
2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության բաժին: Այն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված
իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի
դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։