Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել
է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ
հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների
և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել
է առաջատարներից մեկը Եվրոպայում:
Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները
Եվրոպայում: Կառույցին անդամակցում են 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն:
Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և
ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Պաշտպանի՝ հատուկ հաստատություններ իրականացվող
մշտադիտարկման այցերին: Նշվել է նաև Հայաստանի և Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի
կողմից սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկման փորձը։
Որպես դրական օրինակ՝ նշվել է Պաշտպանի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության
համագործակցության շրջանակներում շահագրգիռ կողմերի համար կազմակերպված վերապատրաստումներն
ու քննարկումները:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միջազգային
զեկույցում անդրադարձ է կատարել նաև «Փախստականների և ապաստան հայցող
անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ զեկույցին՝ մատնանշելով
կատարված ուսումնասիրությունները, օրենսդրության
և Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ Պաշտպանի առաջարկները: