ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 5-ին «Կասպերսկի» ընկերության հետ համատեղ կազմակերպել է «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով սեմինար հանրակրթական դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար:
Սեմինարին մասնակցել են ինֆորմատիկայի ուսուցիչներ Երևանի շուրջ 100 հանրակրթական դպրոցներից: Միջոցառմանը քննարկվել են թվային միջավայրում երեխաների անվտանգությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Հատկապես ընդգծվել է, որ թվային միջավայրում երեխաներն առավել խոցելի խումբ են կազմում, նրանց անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը պետք է գտնվի առանձնահատուկ ուշադրության ներքո:
Թվային միջավայրը մեծ ազդեցություն է ունենում երեխաների կյանքի վրա, հետևաբար հատկապես կարևոր է տվյալ հարցի վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկումը, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակում հաշվի առնվեն երեխաների լավագույն շահը:
Ուսուցիչների համար նախատեսված սեմինարները լինելու են շարունակական՝ ներառելով նաև մարզերը:
Նշենք, որ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցները կարող եք գտնել children.ombuds.am կայքում: