Կորոնավիրուսի
հետ կապված երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ինչպես Առողջապահության
նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
Պաշտպանը
ողջունում է ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու
որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի
հետ և արդեն եղել է նրա դրական դիրքորոշումը։ Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել
պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները,
վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ
տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա
հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի
եղանակներով։
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ պատասխանատու մարմինները չունեն
մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է
ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։ Չի կարելի խուճապի
մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին: Բոլոր հարցերը նաև
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են՝ իրավասության
սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար: