Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Պաշտպանի իրավական չափանիշները հայերեն և անգլերեն:
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր փոխարինող Միխայլա Ստոյկովսկան։
«Մեր հրապարակած իրավական չափանիշները Մարդու իրավունքների պաշտպանի իրաբանությունը և այն սկզբունքներն են, որոնցով մենք ղեկավարվում ենք ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խախտումներ արձանագրելիս: Իրավական չափանիշները կազմված են հատուկ սկզբունքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես նաև մեր գործունեության արդյունքների հիման վրա: Դրանով հանդերձ, մենք հավակնում ենք նշելու, որ Մարդու իրավունքի պաշտպանի զեկույցները և փաստաթղթերը նույնպես իրավունքի աղբյուր են, և այդ փաստաթղթերն օգտակար են ոչ միայն քաղաքացիների, այլ նաև դատավորների, դատախազների և քննիչների համար, որոնք կնպաստեն մարդու իրավունքի պաշտպանության բարելավմանը»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Միջոցառման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները խոսել են ազատությունից զրկման վայրերում ինքնասպանությունների կանխարգելման համալիր միջոցառումների մշակման հրատապ անհրաժեշտության, ինչպես նաև ազատությունից զրկման վայրերում բժշկական օգնության ու սպասարկման խնդիրների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները նախատեսվում է ուսումնական նյութ դարձնել համալսարաններում, իրավապահ մարմինների և ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող պետական ծառայողների վերապատրաստման դասընթացներում։
Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները հասանելի են հետևյալ հղումներով՝ հայերեն և անգլերեն։