Մարդու իրավունքների պաշտպանի և Հայ-ռուսական համալսարանի միջև հունվարի 15-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում նախատեսվում է մարդու իրավունքների և ազատությունների ոլորտին վերաբերող հիմնախնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների, դասընթացների, իրազեկման տարբեր ծրագրերի կազմակերպում և անցկացում, այդ թվում՝ սոցիալական հոլովակների նկարահանում ու հեռարձակում: Հուշագրով հնարավորություն է ընձեռվելու համալսարանի շրջանավարտներին ստաժավորում անցնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ համալսարանը Պաշտպանի տարեկան հաղորդումներն ու զեկույցները կօգտագործի մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող դասընթացների դասավանդման շրջանակներում:
«Կարևորում եմ այս համագործակցությունը և ցանկանում եմ իմ կողմից հատուկ շեշտադրում անել, որ իմ համոզմամբ` Հայ-Ռուսական համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական աշխատանքում, կարևոր նշանակություն ունի երկրում կրթական գործընթացների կազմակերպման տեսանկյունից և վստահ կարող եմ ասել, որ մեր երկրի կայացած ԲՈՒՀ-երից է»,- ասել է Արման Թաթոյանը։
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նշել է, որ մարդու իրավունքներին առնչվող համատեղ մագիստրոսական ծրագրի մշակումը լինելու է հուշագրի կարևոր ուղղություններից մեկը։
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը` Արման Թաթոյանի գլխավորությամբ, մեր կարծիքով այն ինստիտուտն է, որը ոչ միայն կայացել է իր գործառույթների իրականացման տեսանկյունից, այլ նաև պրոֆեսիոնալ իմաստով շատ բարձր որակի վրա է, և ես շատ ուրախ եմ, որ մեր համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ, մասնագետներ նպաստել են այդ ինստիտուտի կայացմանը»,- շեշտել է Արմեն Դարբինյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայ-ռուսական համալսարանը համատեղ կիրականացնեն նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական և իրավակիրառման հարցերում միջազգային իրավական չափանիշների, հատկապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ անհամապատասխանությունների վերհանում և խնդիրների լուծմանն ուղղված կձեռնարկեն գործուն քայլեր և այլն: