«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը գտնվում է խմբագրությունում: Ահազանգի համաձայն՝ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն ու տակնուվրա արել այն։
Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ. սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։
Այցի և կատարված ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն։
Լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված։ ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ արդյունավետ ու սպառիչ քննությունն այս խնդրի լուծման կարևոր երաշխիքներից է։