Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում նախագահել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր տեսուչ Կազեմ Աքրամին, Ղրղզստանի Հանրապետության օմբուդսման Տոկոն Մամիտովը, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Կամբոջայի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի երկրներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցեր, նախանշել են 2020 թվականի աշխատանքի ուղղությունները: Մասնավորապես, նախատեսվում են քաղաքացիների համատեղ ընդունելությունների անցկացում,
մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ միջոցառումների կազմակերպում,
Դաշինքի երկրներում սովորող ուսանողների իրավունքների պաշտպանություն և այլն:
Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են ստեղծել Դաշինքի անդամների լավագույն փորձի էլեկտրոնային շտեմարան:
Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում Սերբիայի Հանրապետության քաղաքացիների պաշտպանը, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարի միացել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքին:
Հիշեցնենք, որ Օմբուդսմանների եվրասիական դաշինքը ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ին: Դաշինքը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջին միությունն է, որը միավորում է Եվրոպայում և Ասիայում գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններին: