Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել ազատությունից զրկված փախստականների,
ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման
վերաբերյալ աշխատաժողով։
Աշխատաժողովը
կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի
աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի ընթացքում ոլորտի իրավասու պետական
մարմինները և միջազգային ու հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց
փորձը։
Մարդու
իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է Պաշտպանի կողմից
իրականացվող աշխատանքն ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն
չունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում։
«Հատուկ
հաստատություններում պետության պոզիտիվ պարտականությունից է բխում հաշվի առնել ազատությունից
զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց կրոնական,
ազգային պատկանելության և այլ հիմքերով պայմանավորված առանձնահատկություններ։ Օրինակ՝
այս համատեքստում պետությունը պետք է ապահովի նրանց հատուկ սնունդ ստանալու, կրոնական
գրականությունից օգտվելու, իրենց հաստականալի լեզվով վերաբերելի տեղեկություն ստանալու
և այլ իրավունքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության պետ Գոհար Սիմոնյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի՝ ազատությունից
զրկման վայրերի մշտադիտարկման մեթոդաբանությունը։
Միջոցառման
ընթացքում Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները ներկայացրել
են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման մեթոդաբանության,
խնդիրների արձանագրման և դրանց լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ միջազգային փորձը,
խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։