Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ նախատեսվում է ստեղծել կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, որը պետք է օժտված լինի լայն լիազորություններով, ունենա ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են զրկված լինել ազատությունից:
Կամընտիր արձանագրության վավերացումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեության նպատակն է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելումն ազատությունից զրկման վայրերում («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդված):
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ իրավասու է՝
• իրականացնել պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր՝ վատ վերաբերմունքը կանխարգելելու նպատակով և պարտավոր չէ հաստատությանը նախապես տեղեկացնել այցերի ժամանակի կամ նպատակի մասին.
• անարգել տեսակցել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց և նրանց հետ ունենալ առանձնազրույցներ.
• ոչ ոք իրավասու չէ գաղտնալսել կամ միջամտել այդ առանձնազրույցներին.
• անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործել տեխնիկական միջոցներ.
• իրավասու մարմիններին և կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ՝ վատ վերաբերմունքը կանխարգելելու, ինչպես նաև ազատությունից զրկման ցանկացած վայրում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու նպատակով.
• ստանալու տեղեկություններ և պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.
• ծանոթանալու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալու դրանց պատճենները.
• իրավասու մարմիններին ներկայացնելու իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկություններ.
• իրականացնելու օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես առանձնացված ստորաբաժանում, գործում է Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը, որը Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա իրականացնում է Պաշտպանի վերոնշյալ լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ:
Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներին Պաշտպանի կողմից ներգրավված են անկախ մասնագետներ՝ գիտական ոլորտի անկախ փորձագետներ և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեն կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի կարգավիճակ (հոգեբան, սոցիոլոգ, բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ): Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով հաստատվել են կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների աշխատակարգը և վարքագծի կանոնները: