Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել
է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամությունն անհատի
զարգացման և առաջընթացի արգելք չպետք է լինի: Հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հասանելի միջավայրի ապահովումը և
հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հարգանքը պետք է դարձնել յուրաքանչյուրիս
առօրյա կյանքի անբաժանելի առաջնահերթություն: Ինքներս մեզ փոխելով՝ մենք
կկարողանանք փոխել մեր իսկ կարծատիպերով ստեղծված աշխարհը՝ այն դարձնելով ավելի հանդուրժող
ու ներառական։
Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչները Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ
այցելել են «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն։ Ստացած տպավորությունները՝ ստորև։
Արդեն 14 տարի գործում
է «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնը, որը
նախատեսված է աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար: Երբ բացվեց կենտրոնը, կար ընդամենը 8 երեխա: Հիմնադրամի հոգաբարձուների
խորհուրդը 4 անձից է բաղկացած, հենց նրանց՝ աուտիզմ ունեցող երեխաների ծնողների շնորհիվ
էլ ստեղծվեց հիմնադրամը: Հիմա արդեն «Իմ ուղին» կենտրոն հաճախում է 180 սան: 2020 թվականին
նրանց թիվը կհասնի 200-ի: Այստեղ կիրառվում են ամերիկյան եւ եվրոպական մեթոդները, որոնք,
ըստ պատասխանատուների, արդյունավետ են: Սկզբում կանխատեսելի ու կառավարելի են դարձնում
երեխաներին, հետո արդեն Եվրոպայի փորձով, կողմնորոշում մասնագիտության եւ զբաղվածության
հարցում:
Ֆենոմենալ հիշողությամբ, երաժշտական
բացառիկ ունակություններով ու ստեղծագործելու արտասովոր կարողություններով երեխաներն
օրվա մեծ մասն անցկացնում են կենտրոնում: Ըստ տրամադրության, նվագում են, մասնակցում
արտթերապիայի դասերին, բացիկ կամ տիկնիկ են պատրաստում, զբաղվում կավագործությամբ կամ
նկարչությամբ:
19-ամյա Վարդանը դաշնամուր է նվագում, իսկ վերջին շրջանում նաեւ քսիլաֆոն: Վարդանը
ֆենոմենալ հիշողություն ունի: Միայն ասա ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, եւ նա կասի,
թե շաբաթվա որ օրն է եղել այդ իրադարձությունը՝ ընդամենը վայրկյանների ընթացքում: Իմպրովիզացիան
նրանց երաժշտական կյանքի անբաժանելի մասն է՝ երգում են ու նվագում պարզապես տեսողական
հիշողությամբ: Իրենց ստեղծագործություններն էլ վառ երեւակայության արդյունք են՝ առանց
նոտաների:
Ժպտերես Անուշի մոլբերտի վրա գույները միշտ վառ են: 15-ամյա աղջկան այս կենտրոնում
բոլորը մաքրասեր են կոչում՝ իր չորսբոլորը պետք է մաքրամաքուր լինի:
Ստեղծագործական աշխատանքների սենյակում
սաները պատրաստվում են Ամանորին՝ մոմ ու բացիկ, տոնի ու տարվա խորհրդանիշներ են պատրաստում:
Վահանը
բազմերանգ մոմերի պատրաստման պատասխանատուն է՝ վերջնական փայլն ինքն է հաղորդում:
Աշխարհի ամենաբարի ու
թաքնված կարողություններով տաղանդավորներն ամեն օր՝ վաղ առավոտից շտապում են իրենց
հարազատ կենտրոն, սիրելի ուսուցիչների մոտ եւ ամեն ինչ սկսում նորից՝ Սուրենը
երգում է փոքրիկ տղայի մասին երգը, Ռաֆայելն ու Վարդանը նվագում Կոմիտաս, Անուշիկը
նկարում ծիածան, Վահանը պատրաստում Ամանորի նվերներ: