Այս
պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը.
1. Ա. Բաբայանի
ձերբակալությունը Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է ՀՀ քրեական
օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով,
որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի
չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ
զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝
առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. 2018 թվականի
համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սահմանում է. ‹‹Քրեական
գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել
քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի
21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն
մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի
առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի
հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի,
քան չորս տարի ժամկետով ազատազրկում››:
3. Քրեական դատավարության
օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետը քրեական հետապնդում է համարում այն բոլոր
դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման
մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով
բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս
մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի
նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:
4. Մարդու իրավունքների
պաշտպանը նկատի է առնում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի
այն կարգավորումը, որ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով գործի վարույթի
կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է
մեղադրյալը:
Պաշտպանը
հաշվի է առնում նաև այն, որ համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասի
համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման
կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:
Այսինքն՝
մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ
համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման
պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող:
5. Նշվածը նաև նշանակում
է, որ ազատազրկման ձևով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը
կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող
դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ և այդպիսով՝ ոչ իրավաչափ:
Նկարագրվածն ավելի է
մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր
դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ
նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ
վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության
իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի
հետապնդում:
6. Հաշվի առնելով վերը
շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Արսեն Բաբայանի իրավունքների
առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ սեփական
նախաձեռնությամբ:
Պաշտպանի
հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության Ձերբակալվածներին
պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:
Մարդու
իրավունքների պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական
ծառայությունից և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝
պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ: