Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես Օմբուդսմանի և մարդու իրավունքների ազգային և ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ ունեցող հաստատություն, գործում է Փարիզյան և միջազգային սկզբունքներին համապատասխան:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանը նպաստում է նաև խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Իր իրավական առաքելության շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհատական և կոլեկտիվ բողոքների քննարկում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։ Պաշտպանն իրականացնում է նաև կոնկրետ բողոքներով ու դեպքերով (սեփական նախաձեռնությամբ) քննարկում, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքներ համակարգային մակարդակում:
Համակարգային մակարդակում կանխարգելիչ աշխատանքները ներառում են, օրինակ՝ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներին համապատասխանության հարցերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցության շրջանակներում Պաշտպանը ներկայացնում է նաև հատուկ կարծիք (amicus brief) դատարանում քննվող` մարդու իրավունքներին առնչվող գործերի վերաբերյալ։
Նորմատիվ իրավական ակերի կատարելագործմանը նպաստելու գործառույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ է մշակում և ներկայացնում իրավասու մարմիններին: Հատկանշական է նաև, որ մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը, դրանք պետք է ուղղարկվեն Պաշպանին՝ գրավոր կարծիք ներկայացնելու:
Համակարգային խնդիրների լուծման և իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքի մյուս կարևոր ուղղություններից է իրազեկման աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Պաշտպանը հրապարակում է տեսանյութեր, տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցեր և այլ նյութեր մարդու իրավուքններին առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ:
2015 թվականի սահմանադրական փոփոխություններից և սահմանադրական օրենքի ընդունումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է նաև հանրային ծառայության ոլորտում (էլեկտրաէներգետիկա, ջերմամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, հեռահաղորդակցություն և այլն) գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Պաշտպանը քննարկում է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները:
Պաշտպանին է վերապահված նաև երկրում մի շարք կոնվենցիոն դրույթների կատարման նկատմամբ անկախ դիտարկումը։ Մասնավորապես, Մարդու իրավուքնների պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմը Հայաստանի Հանրապետությունում:
Մարդու իրավուքնների պաշտպանն իրականացնում է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:
Մարդու իրավունքներւի պաշտպանը, յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 31-ը, հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատություններ պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում նաև առանձին զեկույց նախորդ տարվա ընթացքում խոշտանգումների և վատվերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանն ուղղված գործունեության վերաբերյալ: Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը հրապարակում է արտահերթ զեկույցներ կամ հաղորդումներ: