Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսի 24-25-ը կազմակերպել էր միջազգային գիտաժողով` նվիրված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը:
Աշխատաժողովին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանի, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, ԱԺ պատգամավորներ:
Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելով Պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, գործարարության և հանրային ծառայությունների ոլորտներում:
«Գործարարների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այն իրականացվում է ինչպես գործարարների կողմից հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով»,- նշել է Պաշտպանը:
Մասնակիցներին է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտի ներդրման օրենսդրական առաջարկը և պետական գնումների բողոքի քննությանն առաջին անգամ որպես կողմ Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավված լինելը:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր խոսքում կարևորել է գործարարության պաշտպանության խթանումը մեր երկրում և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի դերը այդ հարցում: Մասնավորապես, կարևորել է սահմանված կարգի խախտմաբ ՀԴՄ կանոնների անհամապատասխանության հարցում Պաշտպանի ներկայացուցչի դիմումը:
Քննարկվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և վարչարարություն իրականացնելիս նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հարկային իրավախախտումների դեպքում պատասխանատվության ենթարկելիս համաչափության սկզբունքի պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներ։
Հայաստանի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանների ներկայացուցիչները լավագույն փորձի փոխանակում են իրականացրել՝ ուսումնասիրելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձը գործարարության, ներառյալ՝ աշխատանքային և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: