Երևան
քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ
Գեորգի Մելիքյանը և Երվանդ
Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանին հասցեագրել են բանավոր
և գրավոր բողոքներ՝
կապված ՀՀ քրեական
օրենսգրքի 314-րդ հոդվածի
1-ին մասով հարուցված քրեական
գործով Դ.Գրիգորյանի
աշխատասենյակում կատարված առգրավման և
խուզարկության ընթացքում նրա իրավունքների
երաշխավորման հետ:
Փաստաբանները
ներկայացրել են պնդումներ
այն մասին, որ
քրեական վարույթի ընթացքում թույլ
են տրվել Դավիթ
Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական
հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված
գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն
ուսումնասիրել է նաև
դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների
հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ,
ինչպես նաև նրա վերաբերյալ
քրեական վարույթի հետ կապված
ՀՀ գլխավոր դատախազության
ու ՀՀ բարձրագույն
դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները:
Ի գիտություն է
ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային
հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի
վերաբերյալ:
Հաշվի
առնելով, որ փաստաբաններ Գերոգի Մելիքյանի և Երվանդ Վարոսյանի
բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով
առգրավմանն ու խուզարկությանն առնչվող
իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ և կարող են
առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետևանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային
դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն
ու նախատեսվող քայլերը: Դրանք հիմնված են
ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված
բողոքների ու վարույթային
փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ
օրենսդրության ու վերաբերելի
միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա:
Ընդ որում, կոնկրետ
գործով հարցերն առավել ուշադրության
արժանի են, քանի որ
բարձրացված են և
վիճարկվում են պաշտպանության
հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի
վերաբերյալ գործով:
Մարդու
իրավունքների պաշտպանը նաև հատուկ
արձանագրում է, որ
սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական
տալու կոնկրետ դատական ակտի
և այն հարցերին,
որոնք դատական վիճարկման առարկա
են ու գտնվում
են կոնկրետ գործով
դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը
կատարված են բացառապես
Պաշտպանի իրավասության տեսանկյունից:
Խոսքը,
մասնավորապես, վերաբերում է հետևյալ
հարցերին.
1. Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի և նրա փաստաբանի
մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը
և ով անմիջականորեն հանդիսանում
է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը:
Կոնկրետ
իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ
Գրիգորյանին չի թույլատրել
ներկա լինել կամ մասնակցել
վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝
քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել
դատարանի աշխատակցի, ով այդ
աշխատասենյակի հետ առնչություն չունի:
Ընդ որում, քննիչը
Դ.Գրիգորյանի մասնակցությունն
իր աշխատասենյակում կատարվող
առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով,
որ նրա մասնակցությունը
քննչական գործողությանը նախատեսված չէ:
Մարդու
իրավունքների պաշտպանն այս առնչությամբ
հարկ է համարում
արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական
իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ
աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնակալիք (expectation of privacy)
ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը
և ով զբաղեցնում է
այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը,
անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով
միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական
պարտականություն կրում է քննչական գործողությունը
կատարողը, եթե իհարկե հնարավոր չէ դա օբյեկտիվ
պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում
այս պահանջի ապահովումն
առավել առանձնահատուկ է, քանի
որ խոսքը հատուկ
պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող
գործողության մասին է:
Նշվածից
բացի, ինչպես Մարդու իրավունքների
պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է
փաստաբան Գ.Մելիքյանը,
քանի որ խոսքը
վերաբերում է առգրավմանը,
ապա հենց առգրավման
պարագայում է իր
վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել
առանցքային:
Հարցն
այն է, որ
Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը
ներկայացնելուց և հրապարակելուց
հետո է քննիչն
առաջարկում կամովին հանձնել առգրավման
ենթակա առարկաները և փաստաթղթերը,
իսկ առաջարկը մերժվելու
դեպքում առգրավումը կատարում է հարկադիր
կարգով: Միայն առգրավման ենթակա
առարկաները առգրավման մասին որոշման
մեջ նշված տեղում
չհայտնաբերելու դեպքում է հնարավոր
կատարել խուզարկություն:
Մարդու
իրավունքների պաշտպանը տեղին է
համարում փաստաբանի պնդումն այն
մասին, որ քննիչին
անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության
մասին ստույգ տեղեկությունների կարող
էր տիրապետել միայն
այն անձը, ում
հատկացված է համապատասխան
աշխատասենյակը կամ ով զբաղեցնում
է աշխատասենյակը: Այդ
անձն է հաստատապես
տիրապետում առգրավման ենթակա առարկաների
ու դրանց գտնվելու
կոնկրետ տեղի մասին տվյալների:
Ըստ փաստաբանի՝ այդ
առաջարկը պետք է արվեր
ու հնարավորությունը տրվեր
իր վստահորդին:
Միջազգային,
այդ թվում՝ Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն
առավել խիստ պահանջներ է
ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն
է, որ խուզարկությունն
առավել մեծ ծավալով է միջամտում անձի
մասնավոր կյանքին և կարող է
պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության
համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է
և ով ունի մասնավորության
ակնկալիք
(expectation of privacy) այդ
աշխատասենյակի նկատմամբ:
Կոնկրետ
գործով քննիչը չի թույլատրել
փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա
նախատեսված չէ, չնայած փաստաբանի
համապատասխան միջնորդությանը և նրան,
որ Դ.Գիգորյանն
ինքն է խնդրել
թույլ տալ իր փաստաբանի
մասնակցությունն իր իսկ
աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման
մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն
խախտում են իրավաբանական օգնություն
ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը
նշել է նաև,
որ որոշ ժամանակով
չի թույլատրվել նաև
Դ.Գրիգորյանի մասնակցությունը
խուզարկությանը:
Սույն
գործով պետք է նկատի
ունենալ նաև, որ վերը
նկարագվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը
նախատեսել է դատավորի՝
իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի
առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին
պայմանավորված են դատավորի
աշխատանքի ու դատական
իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու
դատավորին իրազեկում և այլն):
Ուսումնասիրությունը վկայում է այս
երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների
մասին:
2. Ընդհանրական ձևակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության
կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաև խուղարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ:
Դատավոր
Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին
հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև
հարց այն մասին, որ
նրա աշխատասենյակում խուզարկություն
կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը
և այդ միջնորդության
կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում
են ընդհանրական, վերացական
բնույթի ձևակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա
հանգեցրել է նրան,
որ քննիչը, օգտվելով
այդ ձևակերպումներից, դատավորի
աշխատասենյակից առգրավել է նաև
այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր,
որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի
վերաբերյալ քրեական վարույթի հետ:
Ըստ փաստաբանի՝ խուզարկության
համար դատարանի որոշման մեջ
նշված կոնկրետ տարածքից բացի
քննիչը խուզարկություն է կատարել
նաև այնպիսի տարածքում,
որը դատարանի որոշման
մեջ նշված չէ:
Նախ,
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է,
որ առգրավումը և
խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում
հանրային իրավաչափ շահերի պաշտպանության
համար կարևոր նշանակություն ունեցող
քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում
մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական
հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս
գործողությունների ու հատկապես
խուարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե
որոշակիության ինչ աստիճան ունեն
քննիչի միջնորդության ու առավել
ևս խուզարկությունը թույլատրող
դատարանի որոշման մեջ առկա
ձևակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես
վկայում է փաստաբանի
բողոքն ու դատական
ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա
օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում
առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը
թույլատրելու մասին դատարանի որոշման
եզրափակիչ մասում տեղ է
գտել «(…) քրեական գործով ապացուցողական
նշանակություն ունեցող էլեկտորանյին կրիչներ
և փաստաթղթեր, ինչպես
նաև այլ առարկաներ
և իրեր հայտնաբերելու
և վերցնելու համար»
ընդհանրական ձևակերպումը:
Իրականում,
դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ
(այդպիսին պետք է լինի նաև
քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի
գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի
ծառայում իր նպատակին՝ իրական
երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության
կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ:
Ձևակերպումների
կոնկրետության պահանջը վերաբերում է
ոչ միայն որոնվող
առարկաներին կամ փաստաթղթերին, այլ
նաև այն կոնկրետ
տարածքին, որի խուզարկության համար
տրվել է դատարանի
թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած
շեղում պետք է համարել
անթույլատրելի: Դավիթ Գրիգորյանի գործով
դատարանի որոշմամբ քննիչի համար
խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել
միայն դատավորի և նրա
օգնականի աշխատասենյակները: Այս մասին է
վկայում նաև դատական ակտի
ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին
ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել
է, որ քննիչը
դուրս է եկել
դատարանի որոշման մեջ նշված
տարածքի շրջանակից և խուզարկել
է նաև գործավարի
ու դատական նիստերի
քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ
նրա օգնականի աշխատասենյակները
չեն:
Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում և
խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձևակերկուպմները և այդ որոշմամբ
չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին» եվորպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը:
3. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է
դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ
չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ
բողոքի՝ քննիչը դա արել է
այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների
ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ
ինքն անհնարին է դարձնում դատավորի
կողմից իր լիազրությունների իրականացումը՝ այդ
կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը
Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև
ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար:
Այս
հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի
վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն
զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ
պետք է ապահովել մինչդատական
քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ
հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից
բխող կանոն է: Ուստի, քննչի
գործողությունը մտահոգիչ է:
Այս
հարցի հետ կապված՝ Պաշտպանը
ողջունում է Բարձրագույն
դատական խորհրդի արձանագրումն այն
մասին, որ «...քննչական գործողություններն
իրականացնելիս քննիչի կողմից կատարվել
է ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել
է դատավոր Դ.
Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով
սահմանափակվել է վերջինիս
մուտքն իր աշխատասենյակ»,
ինչպես նաև կարևոր է
համարում խորհրդի ձեռնարկած միջոցները
դատավորի անկախության ապահովման ուղղությամբ:
Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն
գործով իր իրավասության սահմաններում
ձեռնարկել հետևյալ միջոցները՝
1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել
գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում.
2) առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ
պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական
ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող
մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ:
Սույն
հայտարարության մեջ նշված հարցերը
կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների
պաշտպանի ուշադրության ներքո: