Իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը խնդրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը քաղաքացուն տարկետում տրամադրելու հարցում:
Դիմումատուի պնդմամբ՝ զորակոչիկն ընտանիքի միակ զավակն է. ծնողները մահացել են: Խնդիր է բարձրացվել, որ զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ընտանիքին պատկանող տնտեսությունը կմնա առանց հսկողության:
Այնուհետև, զորակոչիկի մերձավոր ազգականն այցելել է Պաշտպանի աշխատակազմ և տեղեկացրել, որ բացի ընտանեկան հանգամանքներից՝ զորակոչիկն ունի նաև առողջական խնդիրներ:
Խնդրի լուծման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջապես նախաձեռնել է համատեղ աշխատանք Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ու զինկոմիսարիատի հետ:
Կապ է հաստատվել նաև Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Կատարված աշխատանքի արդյունքում ամենասեղմ ժամկետում քաղաքացուն, առողջական վիճակով պայմանավորված, տրամադրվել է զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինծառայողների իրավունքների ոլորտում Պաշտպանության նախարարության, պետական մյուս և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը: