Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ճանաչողական այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ:
Պաշտպանը նշել է, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ փոխանցելն ու նրանց ներուժն ըստ արժանվույն գնահատելը:
Կենտրոնում այցի ընթացքում ուշադրություն է դարձվել այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են բուժօգնությանը, կենտրոնի շահառուների խնամքին, մի շարք հարցերի վերաբերյալ մատյանների վարմանը և այլն:
Կենտրոնի տնօրենը բարձրացրել է նաև կենտրոնի տեղակայման տարածքի խնդիրը, որն այս պահին արդիական է:
Մարդու իրավունքների պաշտպանի այցի արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Պաշտպանի այն դիրքորոշումները, որ երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ: Այդ խնդիրները հատկապես արդիական են հաստատությունների պարագայում և վերաբերում են բժշկական ծառայությունների հասանելիությանը, մասնագետների վերապատրաստումներին ու նրանց կարգավիճակին, սոցիալական երաշխիքներին և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կենտրոնի ղեկավարի հետ: Պաշտպանն իր իրավասության սահմաններում կնպաստի դրանց լուծմանը: