Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձնաց հետ:
Հերթական անգամ առանձնազրույց է տեղի ունեցել ապրիլի 30-ից հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ: Հունիսի 18-ի այցի դրությամբ արձանագրվել է, որ Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է նաև, որ զարկերակային ճնշումը գտնվում է նորմայի սահմաններում:
Պաշտպանի ներկայացուցիչները ազատությունից զրկված անձին հերթական անգամ ներկայացրել են հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա:
Նշենք, որ նախորդ առանձնազրույցներից մեկի ժամանակ Վահե Մելոյանը նշել է, որ հացադուլը պայմանավորված է իրեն առաջադրված մեղադրանքով և ընտրված խափանման միջոցով:
Ավելի վաղ՝ չհայտարաված այցի ժամանակ, Վահե Մելոյանը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները:
Միաժամանակ այցի արդյունքներով պայմանավորված՝ Վ. Մելոյանի առողջական վիճակի, հացադուլի ընթացքի և դրա ընթացքում իրականացվող բժշկական սպարկման հարցերի կապակցությամբ մայիսի 30-ին գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Գրությամբ նաև առաջակվել է քննարկել հացադուլով պայմանավորված Վահե Մելոյանին բժշկական պատշաճ հսկողության նպատակով քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար կամ բուժական ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը և տեղեկացնել արդյունքների մասին:
Գրությամբ նշվել է նաև, որ ելնելով իրավիճակի բարդությունից՝ անհրաժեշտ է ուժեղացնել իրականացվող սոցիալհոգեբանական բացատրական աշխատանքները՝ հացադուլի բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ: Հիշյալ գրության վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացվել:
Բացի այդ, մայիսի 31-ին Վահե Մելոյանի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեգրած բողոքով խնդրել է Պաշտպանի աջակցությունը որդուց լրացուցիչ ցուցմունք վերցնելու, նրա և քրեական գործով տուժող հանդիսացող անձի հետ առերես հարցաքննությունն իրականացնելու, ինչպես նաև որդու տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցերում:
Վերոնշյալ հարցերի կապակցությամբ 2019 թվականի հունիսի 6-ին գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե: Այս պահին պատասխանն ուսումնասիրվում է:
Միաժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մշտապես կապի մեջ է գտնվել ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի պետի հետ, իսկ 2019 թվականի հունիսի 12-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետը տեղեկություն է տրամադրել այն մասին, որ 2019 թվականի հունիսի 7-ին և հունիսի 12-ին Վահե Մելոյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ իրականցվել են մի շարք հետազոտություններ:
Հունիսի 14-ի ուշ երեկոյան ևս Պաշտպանի ներայացուցիչները կապի մեջ են եղել ՔԿՀ-ի վարչակազմի հետ, տեղեկություն ենք ստացել, որ Վահե Մելոյանը հրաժարվել է ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության ծառայությունից: Հունիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղեկացել, որ Վահե Մելոյանը հունիսի 15-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: