Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:
Տիկին Լոմջարիան նշել է նաև, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ մեզ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: