Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման շրջանակում իրականացվող այս ծրագրի արդյունավետությունը Հայաստանում:
«Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների: Արդյունքում, աշխատակազմը համալրվեց մասնագետներով, որոնք մշտադիտարկումները առավել արդյունավետ իրականացնելու նպատակով պետք է համապատասխան վերապատրաստումներ անցնեին, օրինակ` բժիշկը, հոգեբանը, հոգեբույժը և այլն: Այս ծրագիրն ընձեռեց այդ հնարավորությունը՝ նպաստելով մեր մասնագետների կարողությունների զարգացմանը»,- բացման խոսքում նշել է Արման Թաթոյանը:
Իրականացված ծրագրի շրջանակում Պաշտպանը հատկապես ընդգծել է ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի նախագծերի ընդունման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Քրեական արդարադատության ոլորտի նկատմամբ պետությունը պետք է ցուցաբերի հատուկ ուշադրություն, քանի որ այստեղ են անձի իրավունքների խախտման մեծ ռիսկերը: Դրանից բացի, առաջնահերթ պետք է լինի անհատական մոտեցումը ազատությունից զրկված ցանկացած անձի նկատմամբ: Պետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակմանը՝ կատարելով իր պոզիտիվ պարտականությունը: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է Արդարադատության նախարարության հետ ձևավորված բարձր համագործակցությունը: