Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով:
Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և հետագա համագործակցության հույս հայտնել:
Նշենք նաև, որ այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության 10-ամյակին նվիրված երկօրյա միջազգային համաժողովին: