ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հորդանանի Թագավորությունում տեղի ունեցած միջազգային աշխատաժողովին ներկայացրել է Եվրոպայում լավագույններից մեկը ճանաչված Հայաստանի փորձը՝ Պաղեստինում բարեփոխումներ իրականացնելիս հաշվի առնելու համար:
«Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության և Հորդանանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի (ICHR) կողմից կազմակերպված խորհրդաժողովին՝ կանխարգելման ազգային մեխանիզմի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև միջազգային լավագույն մոդել ներդնելու նպատակով, մասնացել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Հունաստանից, Ալբանիայից և այլն:
«Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների հետ: Անհրաժեշտ է նաև բարձր որակի համագործակցություն ազատությունից զրկման վայրերի վարչակազմերի հետ: Կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- իր ելույթում նշել է Պաշտպանը:
Խորհրդաժողովի կազմակերպիչների ու մասնակիցների կողմից բարձր է գնահատվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը, հատկապես արձանագրվել են Հայաստանում այս հաստատության զարգացման արագ տեմպերը:
Քննարկվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը խորհրդաժողովի մասնակից մի շարք երկրների ներկայացնելու հնարավորությունները:
Մասնավորապես, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի փորձի ուսումնասիրության նպատակով Հորդանանից, Լիբանանից և մի շարք այլ երկրներից փորձի փոխանակման այցեր իրականացնելու վերաբերյալ: