ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր է համարում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի ընդունումը:
«Օրենքի ընդունումով նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգային մեխանիզմի ստեղծման համար, ինչպես նաև կտեղայնացվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները»,- Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ ասել է Արման Թաթոյանը:
Նրա դիտարկմամբ՝ հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաև միջավայրային անհարմարությունների հետևանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման և անկախ կյանք վարելու հարցերում:
«Ոլորտի խնդիրների լուծման արդյունավետությունն ուղղակիորեն կապված է նաև մասնակցային գործընթացի հետ: Որոշումների կայացմանը պետք է մասնակից դարձվեն հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները»,-նշել է Պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։