Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին այցելել
է Շառլ Ազնավուրի անվան գրադարան, որտեղ հանդիպել է տարբեր դպրոցների աշակերտների և
ուսուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների
դերը մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման առումով՝ ընդգծելով մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների`
հանդուրժողականության, մարդու արժանապատվության և մարդու՝ որպես բարձրագույն արժեքի
ընկալման հիմնարար նշանակությունը։ Պաշտպանն ընդգծել է, որ դպրոցներում մարդու իրավունքների
կրթությունն առանցքային դեր ունի ոչ խտրական և համերաշխ հասարակության ձևավորման գործում։
«Չափազանց կարևոր է,
որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի
վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական
միջավայր: Որպես Մարդու իրավունքների պաշտպան` կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար,
այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Չնայած մարդու իրավունքների ոլորտին առնչվող` ժամանակակից
աշխարհում առկա բազում մարտահրավերներին` պետությունը պարտավոր է ապահովել իրավունքների
պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ և շարունակաբար զարգացնել դրանք»,- նշել է Անահիտ
Մանասյանը։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների և երիտասարդների մասնակցության
կարևորությանը որոշումների կայացման գործընթացներում, ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին առընթեր գործող երեխաների իրավունքների
պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը, որը կարևոր հարթակ է
երիտասարդների ներգրավվածության համար ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։
Որպես օրինակ` Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարտի 12-ին Ստրասբուրգում Եվրոպայի
խորհրդի բարձր մակարդակի համաժողովում խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանի մասնակցությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Մարդու իրավունքների
պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով
ոլորտում նոր գործիքների և մեխանիզմների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Ինտերակտիվ քննարկման ընթացքում աշակերտները բարձրացրել են իրենց
հուզող հարցերը՝ կապված բուլինգի, խտրականության, անձնական տվյալների պաշտպանության,
կրթության իրավունքի և ներառականության հետ։ Քննարկվել են կրթության իրավունքի ապահովման
մարտահրավերները` հատկապես գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության հասանելիության
խնդիրների համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին
և ներառական միջավայրի ձևավորման անհրաժեշտությանը։
Պաշտպանը կարևորել է կրթական հաստատությունների և ուսուցիչների
դերակատարությունը՝ ապրումակցող և աջակցող միջավայր ձևավորելու գործում։
Գրադարանի տնօրեն Էլմիրա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել
Անահիտ Մանասյանին այցելության և բովանդակային քննարկման համար։
Ամփոփելով հանդիպումը՝ Պաշտպանը կարևորել է յուրաքանչյուր անհատի
դերը մարդու իրավունքների պատշաճ համակարգ արմատավորելու գործում՝ ընդգծելով, որ իրավական
մշակույթի փոփոխությունների համար էական է յուրաքանչյուր երիտասարդի ակտիվ մասնակցությունը
և կոչ անելով համատեղ ջանքերով ձևավորել առավել արդար և ներառական հասարակություն։
Հանդիպման շրջանակերում «Երևանի լսողության խանգարումներ ունեցող
երեխաների հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոն» ՊՈԱԿ-ի աշակերտները հանդես են եկել պարային
համարով։