Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛
կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Մարտի
8-ը միայն շնորհավորանքների և գեղեցիկ խոսքերի օր չէ։ Այն կարևոր հիշեցում է, որ կանանց
իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության
զարգացման առանցքային գրավականներից են։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` գնահատելու
կանանց ձեռքբերումներն ու ներդրումը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադառնալու
այն մարտահրավերներին, որոնք դեռ առկա են կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին։
Հայաստանում
կանայք մեծ նվիրումով և պատասխանատվությամբ մասնակցում են հանրային, տնտեսական և համայնքային
կյանքի զարգացմանը։ Միևնույն ժամանակ, շարունակում են առկա լինել խնդիրներ՝ կապված
կանանց նկատմամբ բռնության, խտրականության, ինչպես նաև աշխատանքի, կրթության և որոշումների
կայացման գործընթացներում հավասար մասնակցության ապահովման հետ։ Կանանց նկատմամբ բռնության
և խտրականության ցանկացած դրսևորում անընդունելի է և պահանջում է հետևողական կանխարգելում
ու արդյունավետ արձագանք։ Այս մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետության,
հասարակության և յուրաքանչյուրիս համատեղ ու հետևողական ջանքերով։
Մարդու
իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է կանանց իրավունքների
պաշտպանությունն ու խթանումը։ Պաշտպանի աշխատակազմը շարունակաբար արձանագրում և բարձրաձայնում
է կանանց իրավունքների խախտման դեպքերը, ներկայացնում առաջարկություններ օրենսդրական
և համակարգային բարեփոխումների վերաբերյալ, իրականացնում մշտադիտարկումներ և իրազեկման
ծրագրեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ընտանեկան բռնության կանխարգելմանը,
սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության
ընդլայնմանը։
Կանանց
իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր
գրավականներից է։ Իրավահավասար և արժանապատիվ միջավայրի ձևավորումը հնարավոր է միայն
հետևողական և համատեղ ջանքերով։
Սիրելի՛
կանայք,
մաղթում
եմ ձեզ ներդաշնակություն, ինքնաբավություն, ուժ և վստահություն՝ ձեր իրավունքների պաշտպանության
և ինքնաիրացման ճանապարհին։ Յուրաքանչյուրիդ ներուժը կարևոր է մեր երկրի զարգացման
և հասարակական կյանքի առաջընթացի համար։
Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է լինել կանանց իրավունքների հետևողական
պաշտպանն ու աջակիցը՝ տարվա յուրաքանչյուր օր։
Եվս մեկ
անգամ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։