Դեռևս
2025 թվականին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում Մարդու իրավունքների
պաշտպանի և Լոռու մարզի երիտասարդների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը
տալիս է իր գործնական արդյունքը։
Նախորդ
տարվա ապրիլի 19-ին տեղի ունեցած վարպետաց դասի շրջանակում երիտասարդները Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանին ներկայացրել էին իրենց համայնքներում առկա՝ իրավունքների
հետ կապված խնդիրներ։ Պաշտպանը հայտնել էր իր հանձնառությունը հասցեավորելու խնդիրները`
իրավասու մարմինների առջև դրանք բարձրացնելու գործընթացին ներգրավելով նաև երիտասարդներին:
Հանդիպման
մասնակիցներից մեկը բարձրացրել էր Լոռու մարզի Մարց գյուղի բուժակ-մանկաբարձական կետի
(ԲՄԿ) պայմանների հարցը՝ նշելով, որ այն գործում է դեռևս 2000 թվականին տեղադրված տնակում
և բացակայում են տարրական կոմունալ-կենցաղային պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական
սարքավորումներն ու կահավորումը։ Բացի այդ, պայմանավորված փոքր մակերեսով՝ բուժառուները,
այդ թվում՝ վատ եղանակային պայմաններին, ստիպված են եղել սպասել դրսում։
Բարձրացված
հարցը քննարկվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի հետ։
Քննարկման
արդյունքում Լոռու մարզպետի աշխատակազմը տեղեկացրել է, որ Մարցի բուժակ-մանկաբարձական
կետը այսուհետ կգործի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում՝ վերանորոգված
տարածքում։ Վերանորոգումն իրականացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։
Նոր տարածքը կազմում է 41 քմ, ապահովված է ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով և կոյուղով։
Ստացված
տեղեկատվությունը փոխանցվել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմած անձին, ով հաստատել
է վերոնշյալ փաստերը և շնորհակալություն հայտնել ՄԻՊ հաստատությանը կատարված աշխատանքի
համար։
Հարկ ենք
համարում ընդգծել, որ, չնայած անհատական դեպքով արձանագրված դրական արդյունքին՝ համակարգային
առումով դեռևս շարունակում են առկա լինել խնդիրներ, որոնց համար պահանջվում են համապարփակ
լուծումներ։
Երիտասարդների
կողմից բարձրացված իրավունքների հետ կապված այլ խնդիրները շարունակում են մնալ Մարդու
իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: