Բժշկական
օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության խնդրին Մարդու իրավունքների
պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ խնդրի կարգավորման համար առաջարկելով մշակել և իրացնել
առողջապահության ոլորտում անհավասարությունը նվազեցնելու համալիր քաղաքականություն,
որով կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունն՝ անկախ սոցիալական
վիճակից։
Այս տեսանկյունից կարևոր առաջընթաց է առողջության
համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որը առանցքային դերակատարություն
ունի առողջության պահպանման իրավունքի երշխավորման տեսանկյունից:
Այնուհանդերձ, առողջության համընդհանուր ապահովագրության
համակարգի ներդրումից հետո ՄԻՊ աշխատակազմ պարբերաբար ահազանգեր են ներկայացվում այն
մասին, որ համակարգի գործարկումը հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ բուժաշխատողների
կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները հաճախ մատուցվում են աշխատանքային
օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի առավելագույն տևողության գերազանցման պայմաններում
(հաճախ՝ առանց հանգստի ընդմիջման), իսկ բուժաշխատողների՝ արդարացի և համարժեք վարձատրությունը
չի ապահովվում։
Պաշտպանը, կարևորելով առողջության համապարփակ
ապահովագրության ներդրման ուղղությամբ պետության կողմից գործադրված ջանքերը, ընդգծում
է, որ իրավասու պետական մարմինները պետք է շարունակական քայլեր ձեռնարկեն բուժաշխատողների
աշխատանքային իրավունքների պատշաճ երաշխավորման ուղղությամբ, իսկ նրանց ձայնը պետք
է լսելի լինի:
Բուժաշխատողների աշխատանքային իրավունքների
ամբողջ ծավալով երաշխավորման և անխոչընդոտ իրացման հետ կապված բոլոր հարցերը գտնվում
են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Բարձրացված հարցերի
ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետևողական աշխատանք։