Փետրվարի
26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես
եկել Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության
խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին։
Այն համախմբել էր պետական մարմինների, միջազգային
կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Պաշտպանն իր խոսքում շեշտադրել է խոսքի ազատության
հիմնարար նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում և դրա իրացման հետ կապված
արդիական մարտահրավերները՝ հատկապես համապետական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է լրագրողների
անվտանգ գործունեության երաշխավորման կարևորությունը:
«Խոսքի ազատությունը մարդու կարևորագույն իրավունքներից
է, որը պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում։ Այդ
իրավունքը ունի հստակ բովանդակային ստանդարտներ և սահմաններ, որոնց պահպանումը յուրաքանչյուր
դերակատարի պատասխանատվությունն է», - նշել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել ընտրական
գործընթացներում մարդու իրավունքների թեմաների գործիքայնացման վտանգին՝ ընդգծելով,
որ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում
առավել նկատելի է մարդու իրավունքների զգայուն հարցերի շահարկումը քաղաքական նպատակներով։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել
է, օրինակ` ընտանեկան բռնության և դրա դեմ պայքարի կառուցակարգերի գործիքայնացմանը։
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի
մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան, օրինակ, շատ կարևոր գործիք է ընտանեկան բռնության
դեմ պայքարի համար, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի
տեսանկյունից, սակայն այն հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ ձևախեղելով
հանրային ընկալումները, այդ թվում՝ ընտանեկան բռնության հետ կապված հարցերի շուրջ»,
– նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանի գնահատմամբ՝ ընտանեկան բռնության խնդիրների
շուրջ ձևավորվող խեղաթյուրված ընկալումները և ապատեղեկատվությունը ոչ միայն քաղաքական
շահարկման արդյունք են դառնում, այլև հարված են հասցնում մարդու իրավունքների ամբողջ
համակարգին։
Անահիտ Մանասյանը ներկաների ուշադրությունն
է հրավիրել նաև հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորմանը քաղաքական խոսույթում՝
ընդգծելով, որ նման ձևակերպումները խտրական են և հակասում են մարդու արժանապատվության
և հավասարության սկզբունքներին։
Պաշտպանը մտահոգություն է հայտնել ազգային կամ
էթնիկ պատկանելությամբ պայմանավորված` խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝
նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում
և պարունակում են ատելության խոսքի տարրեր։ Ընդ որում` որոշ ձևակերպումներ լայն տարածում
ունեն առանձին քաղաքական դերակատարների քաղաքական խոսույթում:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև
Հայաստանի առնչությամբ Եվրոպայի խորհրդի Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ կոմիտեի
դիտարկումները անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգծելով միջազգային
համագործակցության նշանակությունը։
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն
է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ արդյունավետ և կայուն համագործակցության համար՝ նշելով,
որ այն կարևոր արդյունքներ է ապահովում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Պաշտպանը նաև արժևորել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական
հասարակության համատեղ աշխատանքը։
«Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության
հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի միջոցառմանը բացման խոսքով հանդես են
եկել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽԽՎ փոխնախագահ,
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության
վարչության պետ Դավիթ Կնյազյանը։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի
նպատակները, գործողությունները և սպասվող արդյունքները, ինչպես նաև քննարկվել են լրատվամիջոցների
ազատության և հանրային տեղեկատվության հասանելիության ոլորտներում առկա բարեփոխումներն
ու մարտահրավերները՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման համատեքստում։