Սահմանադրական
դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը:
Դիմումով
վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի
վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու
կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու)
համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի
համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։
Պաշտպանը
խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում
չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով,
ինչը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված
սեփականության իրավունքին։
«Պետության
ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին, այդ թվում՝ կենսաթոշակի վճարման
իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական, կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր
շահին, իսկ սեփականությունից զրկումը՝ որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել
միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- ընդգծում է Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված կայուն իրավական դիրքորոշումներով ևս հաստատվում
է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունքներից
մեկը, որի սահմանափակումը, ինչպես նաև սեփականությունից զրկումը հնարավոր է բացառապես
օրենքով ամրագրված կարգով և պայմաններով։
Այսպիսով,
Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ թեև անձն օրենսդրորեն ձեռք է բերում
կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող օրենսդրության կարգավորումները
հակասում են ՀՀ Սահմանադրությանը` ստեղծելով իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ
ստանալու իրավունք, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար զրկվում է իրեն հասանելիք կենսաթոշակից:
Խնդրին
բախվում են բազմաթիվ քաղաքացիներին, որոնցից շատերը` հարցին լուծում գտնելու նպատակով,
դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: