ՀՀ
քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքը 1994 թվականից հաշվառված է
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (անապահովության միավորը
կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում են
երեք անչափահաս երեխաներ ու կենսաթոշակառու
ծնողները), սակայն հարազատները չեն տեղեկացվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական
օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների
համար:
Պաշտպանի
միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ բարձրացված հարցը լուծվել է, բժշկական
օգնության համար նախապես վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվել է քաղաքացուն:
Քաղաքացին
Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ մարզից տեղափոխվել է մայրաքաղաքի
համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ
ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ հեմոռագիկ տիպի։
Ըստ
նրա՝ հարազատները բժշկական կենտրոնում կատարել են անհրաժեշտ վճարումը, որից հետո
ինքը վիրահատվել է։ Մինչ մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն տեղափոխվելը՝
առաջնային բուժօգնությունը ստացել է իր մարզի բժշկական կենտրոնում: Քաղաքացու
պնդմամբ՝ բժշկական կենտրոններից որևէ մեկում ինքը և իր հարազատները չեն
ստացել բանավոր կամ գրավոր
տեղեկատվություն պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական
օգնությունից և սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների,
իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների մասին, իսկ հարազատները, գտնվելով
հուզական ծանր վիճակում, չեն տեղեկացրել իր՝ ընտանիքների անապահովության գնահատման
համակարգում հաշվառված լինելու մասին:
Դիմումում
նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմը
դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն: Ի պատասխան՝ Պաշտպանի աշխատակազմին
տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ բարձրացված հարցն ուսումնասիրվել է
Առողջապահության նախարարությունում, և վերջինիս համապատասխան ընթացք է տրվել։
Արդյունքում՝
Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ քաղաքացու
կողմից բարձրացրած հարցն ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման
համար նախապես վճարված գումարը վերադարձվել է:
Նշված
տեղեկատվությունը Պաշտպանի ներկայացուցիչը փոխանցել է քաղաքացուն՝ ուղղորդելով
համապատասախան բժշկական կենտրոն՝ դիմում լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթեր
ներկայացնելու նպատակով։
Բողոքի
քննարկման ընթացքում քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել
է, որ իր բարձրացրած հարցը Պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում, և բժշկական
օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է: