Փետրվարի
11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի
Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։
Ողջունելով
դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի
ուղղությունները՝ ընդգծելով կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի կարևորությունը։
Միաժամանակ,
Պաշտպանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների, ազատությունից
զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
ոլորտներում առկա խնդիրների, կալանքի կիրառման, ինչպես նաև «Խտրականության կանխարգելման
և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման, իրավահավասարության
և հակախտրականության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերների
մասին:
Այս համատեքստում
Պաշտպանը կարևորել է նաև կրթական բարեփոխումների և հանրային իրազեկման արշավների նշանակությունը։
Դեսպանը
կարևորել է ՄԻՊ հաստատության գործունեությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության
համակարգի կատարելագործման հարցում։
Հանդիպման
ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը` մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ համատեղ
ջանքեր գործադրելու հարցում: