Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
մասնակցել և, որպես բանախոս, հանդես է եկել «Երեխաներին առնչվող գերակայությունները
Հայաստանում և ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցության 2026–2030 թթ.»
ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է ՀՀ արտաքին
գործերի նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպված
միջոցառումը՝ երեխաների իրավունքներին առնչվող առանցքային հարցերի քննարկման տեսանկյունից։
Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն
իր և ՄԻՊ աշխատակազմի համար հանդիսանում է կարևոր ուղղություն՝ նշելով. «Երեխաների
իրավունքները ոչ միայն ինքնին կարևոր են, այլև պետք է դիտարկվեն հավասարապես կարևոր
մնացյալ բոլոր ոլորտների համատեքստում»։
Պաշտպանը կարևորել է նաև հանրային ընկալումների փոփոխության
անհրաժեշտությունը՝ այս գործընթացում ընդգծելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի առանցքային
դերակատարությունը։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մանկական
հիմնադրամի ողջ թիմին և անձամբ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին՝
ոլորտային խնդիրների հասցեավորման և լուծումների որոնման գործում ունեցած անձնական
ներդրման համար։
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի
հետ համագործակցության կարևոր արդյունքներից մեկին՝ Մարդու իրավունքների պաշտպանին
առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը՝
այն գնահատելով որպես երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցության ապահովման
և ոլորտային խնդիրների արդյունավետ հասցեավորման լավագույն փորձերից մեկը Հայաստանում։
Անահիտ Մանասյանը խոսել է նաև ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների
մասին, մասնավորապես, նախադպրոցական կրթության հասանելիության, երեխաների նկատմամբ
բռնության դեպքերի բացահայտման, արձագանքման և կանխարգելման, երեխաների անձնական տվյալների
պաշտպանության, պարտադիր կրթությունից դուրս մնալու հետ կապված խնդիրների և դրանից
բխող բացասական հետևանքների վերաբերյալ։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է, որ, չնայած
պետական մարմինների կողմից իրականացվող քայլերին, ծրագրերին և օրենսդրական փոփոխություններին,
ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։
Ամփոփելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը, Հայաստանում գործունեության
ավարտի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին շնորհակալություն
է հայտնել երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով վերջինիս ոչ միայն
բարձր մասնագիտական, այլև մարդկային արժանիքները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ
Ժակոբը։
Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումներին անդրադարձել
է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես
նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով
հասարակական խորհրդի նախկին անդամներ Գոհար Վերանյանն ու Մարիամ Տոնոյանը։
«Երեխաներին առնչվող գերակայությունները Հայաստանում և ՅՈՒՆԻՍԵՖի
և ՀՀ կառավարության միջև համագործակցության 2026-2030թթ. ծրագիրը» ներկայացրել է Քրիսթինե
Վայգանդը։ Նա իր եզրափակիչ խոսքում նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին
համատեղ արդյունավետ աշխատանքի համար։