Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
դեկտեմբերի 22-ին մասնակցել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ
առևտրային կազմակերպության «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի տարեվերջյան՝ ամանորյա
համերգային միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի
հիմնադիր-ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները նվագակցել են խմբի անդամներին։
Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է.
««Ճախրուկն» այն տաքուկ և ջերմ միջավայրն է, որտեղ իսկապես առկա են սերն ու հոգին։
Կարծում եմ՝ այստեղ ստեղծված մթնոլորտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին՝
սեր և ջերմություն փոխանցելով, նպաստել ընդհանուր միջավայրի դրական
փոփոխություններին։ «Ճախրուկը» մեր հասարակության մեջ սեր, ջերմություն և հոգի
սերմանելու վառ օրինակ է»։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ շարունակելու է
կանգնած լինել հաշմանդամություն ունեցող անձանց և «Ճախրուկների» մեծ ընտանիքի
կողքին։
Տոնական միջոցառմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի բարեկամները։
Միջոցառման ավարտին հյուրերը սաներին հանձնել են
ամանորյա նվերներ։