Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝
աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է Արդարադատության նախարարության
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից
զրկված անչափահասների, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչպես նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան
երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։
Պաշտպանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի
ուղեկցությամբ շրջայց է կատարել նշված անձանց խցերով և կացարաններով, ծանոթացել պահման
պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների իրացման հնարավորություններին։
Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և ազատությունից
զրկված տղաներին հանձնել է նախատոնական նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում «Աբովյան»
քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը, մասնավորապես՝ երկարատև
տեսակցությունների համար նախատեսված սենյակների, ինչպես նաև խցերի վերանորոգումն ու
կահավորումը` միևնույն ժամանակ կարևորելով, որպեսզի այդ բարեփոխումները լինեն շարունակական:
Պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման
գործընթացի արդյունավետ իրականացմանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի
այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ: