Դեկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
հյուրընկալել է Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Այցը կրում
էր ճանաչողական բնույթ։
Ողջունելով հյուրերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել
է Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, գործունեության
հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև «Երեխայի իրավունքների
մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքները և դրանց պաշտպանության
ազգային կառուցակարգերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը անկախ և ապաքաղաքական կառույց է, որի հիմնական գործառույթներն են մարդու
իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ կարևորել
է մարդու իրավունքների ոլորտում պատշաճ կրթության դերը։
«Շատ կարևոր է, որ դպրոցականները հետաքրքրված են մարդու իրավունքների
ոլորտով։ Մարդու իրավունքները մեր կյանքի մասին են և մեր կյանքի անբաժանելի մասն են՝
արժեքների և արժեբանության տեսանկյունից։ Առանց մարդու իրավունքների պատշաճ կրթության
հնարավոր չէ ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ։ Իրավունքների
վերաբերյալ բավարար իրազեկվածությունն է նպաստում հանդուրժող և ոչ խտրական միջավայրի
ձևավորմանը»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր
երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն
է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու պատասխաններ անմիջապես
Մարդու իրավունքների պաշտպանից։
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ
մասնակցության և բովանդակալից քննարկման համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման
համատեղ ուղիների մշակման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների
սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։