Դեկտեմբերի
2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային մեխանիզմի թվային գործիքի՝
«ԱԻ-ՆԵՄՐԱ» մոնիտորինգային հարթակի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել
է պանելային քննարկման:
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Արտաքին
գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող
Ֆրանսուազ Ժակոբը (առցանց), Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և
«Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է «ԱԻ-ՆԵՄՐԱ»
նոր գործիքի ներդրման կարևորությունը՝ Հայաստանի միջազգային և տարածաշրջանային պարտավորությունների
կատարման գործընթացում։ Պաշտպանը հույս է հայտնել, որ այս նոր մեխանիզմը հնարավորություն
կտա Հայաստանի Հանրապետությանն առավել արդյունավետ կերպով պլանավորել մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում ստանձնած իր պարտավորությունների կատարումը:
«ԱԻ-ՆԵՄՐԱ» թվային գործիք է, որի նպատակն է
հետևել և վերահսկել Հայաստանի Հանրապետության
ստանձնած պարտավորությունների կատարումը և նրա նկատմամբ մարդու իրավունքների վերաբերյալ
ներկայացված առաջարկությունները: