Մարդու
իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական
իրավունքի ինստիտուտի աջակցությամբ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Մատչելիություն: Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» թեմայով համաժողովը,
որը նվիրված էր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ,
գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ,
ոլորտային փորձագետներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք։ Բացման խոսքով հանդես
են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալենբերգի մարդու
իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա
Միլնը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է մատչելիության ապահովման
կարևորությունն ու այս ոլորտում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և
միջազգային գործընկերների համագործակցության անհրաժեշտությունը. «Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մատչելիության
ապահովման հետ կապված խնդիրները, ցավալիորեն, շարունակվում են արձանագրվել նաև նոր
կառուցվող և վերակառուցվող շենքերում։ Այս խնդիրներն ազդում են մարդու արժանապատվության
և ինքնուրույն կյանքի հնարավորությունների վրա։ Մատչելիությունը պետք է դիտարկվի ոչ
թե որպես հավելյալ պահանջ, այլ որպես պարտադիր չափանիշ՝ պետական և համայնքային կառույցների,
մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերում»:
Պաշտպանը հատուկ շեշտել է, որ առանցքային է
հենց հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում իրավունքների երաշխավորմամբ զբաղվող
հասարակական կազմակերպությունների ներգրավումը իրենց վերաբերելի որոշումների կայացման
գործընթացում։
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է
իր հանձնառությունը՝ շարունակելու աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության, խթանման և հասարակության մեջ ներառականության երաշխավորման ուղղությամբ։
Միջոցառման շրջանակում ներկայացվել է Մարդու
իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը «Նոր կառուցվող, վերակառուցվող,
հիմնանորոգվող շենքերի և շինությունների շենքային պայմանների՝ հաշմանդամություն ունեցող
անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված խնդիրները» վերտառությամբ։ Համաժողովի
շրջանակում անցկացվել են նաև պանելային քննարկումներ։
Առաջին պանելային քննարկման ընթացքում անդրադարձ
է կատարվել մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը։ Պանելային քննարկումը մոդերացրել է Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը։
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում քննարկվել
են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման աշխատանքներին հաշմանդամություն ունեցող
անձանց մասնակցության կատարելագործված մեխանիզմները։ Քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի
Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության բաժնի պետ Աքսանա Ղահրամանյանը, «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց
իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանը, «Հավասար իրավունքներ, հավասար
հնարավորություններ» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանը, «Լիարժեք
կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը և «Հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ
Մուշեղ Հովսեփյանը։ Պանելային քննարկումը մոդերացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության պետի պարտականությունները կատարող Լիլիթ Աղաջանյանը։
Միջոցառման շրջանակում ՌՎԻ ավագ հետազոտող Աննա
Բրյուսը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման աշխատանքներին հաշմանդամություն
ունեցող անձանց մասնակցության կատարելագործված մեխանիզմների վերաբերյալ միջազգային
չափանիշները:
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդգծել են
համագործակցության ամրապնդման և մատչելիության ապահովման ուղղությամբ հետագա քայլերի
մշակման պատրաստակամությունը: